Վարդենիս քաղաքի բնակիչներ Նարինե, Բագրատ և Արևիկ Նալբանդյանները խոշտանգվել են ոստիկանության բաժանմունքում, զրկված են եղել իրենց հասանելիք իրավաբանական օգնությունից․ Նարինե և Բագրատ Նալբանդյանների դեպքում Հայաստանի Հանրապետությունը չի կիրառել արդար դատավարության իրավունքը։ Նալբանդյանների աղմկահարույց գործով նման վճիռ է 2015 թվականին կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Անկախ այդ վճռից, սպանության մեղադրանքով դատապարտված Նարինե Նալբանդյանը մինչ օրս բանտում է։ Մեղադրյալը, ինչպես և նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը պնդում են՝ Նալբանդյանների ընտանիքի անդամները 2004 թվականին չեն սպանել 16-ամյա Սույզաննա Սարգսյանին և նետել հորը, ինչպես նշում էին հայաստանյան ատյանները։