Արգելում եմ...
Արգելո՛ւմ եմ,
Դու էլ սիրուց չխոսես,
Անգամ մի խոսք
Սիրո մասին է՛լ չասես...
Չե՛մ ցանկանում
Նույնիսկ շշնջոցդ լսել,
Էլ չե՛մ ուզում
Սիրտս նորից ստով լցնել...
Դու ստե՛լ ես, դու ստո՛ւմ ես
Ու կստե՛ս շարունակ,
Անգամ « սիրել » բա՛ռն էր ափսոս,
Որ խոսել ես՝ խորամանկ...
Սերը՝ երբեք չի՛ մոռացվում,
Չի՛ խորթանում, չի՛ որբանում,
Անգամ մարդու մահից հետո՝
Սերն ապրում է, չի՛ մահանում...
Եվ սիրում են ամբո՜ղջ հոգով,
Անկե՛ղծ սրտով, անմա՛ր սիրով,
Ո՛չ թե դատարկ, անմիտ խոսքեր
Շռայլելով ու խոսելով...
Եթե նորից փորձես պնդել,
Թե դու իրոք սիրե՛լ գիտես,
Կկրկնեմ՝ չե՛մ զլանա.
Դու լուռ գնա՛լ
Ու ողբալով՝ ետ գա՛լ գիտես...
Դու մեղանչե՛լ
Ու արտասվե՛լ միայն գիտես...
Դու համրանալ՝
Քարի նման լռե՛լ գիտես,
Իմ նյարդերը՝
Տակն ու վրա անե՛լ գիտես...
Դու գլուխդ կախ պապանձվե՛լ
Եվ ինձ հունից հանե՛լ գիտես...
Հունից հանե՞լ,
Քո լռությամբ՝ իմ աչքերից
Անգամ կայծե՛ր հանել գիտես,
Ու դեռ հիմա՝
Ինձ փորձում ես համոզել,
Թե սիրե՞լ գիտես...
Դու երբեք էլ՝ ինձ չե՛ս սիրել,
Եթե անգամ
Փոքր - ինչ խանդել ու հեռացել,
Բայց չե՛ս ատել,
Ատելության խորքից թափվող
Քաղցր սերդ չե՜մ ճաշակել...
Ա՛յ, շան աղջիկ,
Դու երբևէ՝ ինձ չե՛ս սիրել,
Լսո՞ւմ ես ինձ,
Դու երբևէ՝ ամբողջ հոգով
Ինձ չե՜ս ատել..
Ա. Երիմյան