«Տեսեք, կոնստրուկցիաները քանդում իջեցնում են։ Սպիտակի վերջին հույսն այս գործարանն է, էս հույսն էլ կտրում են։ Մարդիկ ստիպված լքում-հեռանում են Սպիտակից, աղետյալ ժողովուրդ ա, ապրելու հնարավորություն չունի, փոխանակ աշխատատեղ ստեղծեն, ընդհակառակը, քանդում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Լոռու մարզի խորհրդային շրջանի ղեկավարներից Նորիկ Մուրադյանը։
Նա սրտի կսկիծով է ընդունել հարազատ քաղաքից հասած լուրերն ու շտապ հասել Լոռու մարզի Սպիտակ քաղաք։ Քանդում են «Սպիտակի վերելակաշինական գործարան»-ը։ Սարքավորումներն արդեն գործարանից տարել են, հերթը երկաթյա կոնստրուկցիաներինն է։ Իրագործող սեփականատերը Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանն է։ Դեռ 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով «Սպիտակի վերելակաշինական գործարան»-ը մասնավորեցվել ու ցածր գնով տրվել է, ըստ լուրերի, հենց Քոչարյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին։