Գյումրին Հայաստանի եզակի քաղաքներից է, որի
բնակչության տնտեսական կենցաղում դարեր շարունակ կարևոր տեղ են գրավել տնայնագործությունն ու արհեստները, որոնք պայմանավորված են եղել հիմնականում քաղաքի ռազմավարական դիրքով: Հայաստանի թերևս ոչ մի բնակավայրում ավանդական արհեստներն այդպես երկարակյաց ու պահպանողական չեն եղել, ինչպես Գյումրիում։
Քաղաքում այսօր դարբնությունը նորից վերեյք է ապրում ի շնորհիվ տոհմիկ դարբիններ՝ Մարտիրոսյանների, Պապոյանների, Մնոյանների և Գևորգյանների:
Այսօր հարազատներով հյուրընկալվել էինք տոհմիկ դարբիններից մեկին՝ ժողովրդական վարպետ Գագիկ Մարտիրոսյանին։ Եղանք նրան պատկանող «Եռանկյունի դարբնոց» համալիրում, որտեղ ստեղծված էին հիանալի պայմաններ անմոռանալի ժամանակ անցկացնելու համար։ Ճաշակեցինք ազգային ուտեստներ և արժանանացանք բարձրակարգ սպասարկման։
Ռեստորանը կարելի է դասել բացառիկ ազգային ռեստորանային համալիրների թվին: Սենյակները կահավորված և հարդարված էին վարպետ Գագիկի ձեռքերով պատրաստված իրերով։ Անմիջապես աչքի էր զարնվում վարպետի ստեղծած մետաղի և փայտի նուրբ համադրությունները։
Ժողովրդական վարպետը իր կերտած աշխատանքներում պահպանել է ավանդական տեխնիկատեխնոլոգիական հնարքներն ու հմտությունները։ Հատկապես գովելի է այն փաստը, որ Գագիկ Մարտիրոսյանը, կարևորելով ու արժևորելով հարազատ քաղաքի արհեստավորական ավանդույթներն ու դրանք հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը՝ ստեղծել է ուսումնական կենտրոն, որտեղ բացի դարբնությունից սովորեցնում են նաև փայտամշակություն, խեցեգործություն և գեղարվեստական գործվածք:
Բավականին մեծ է Վարպետի պատրաստած իրերի տեսականին' աշխատանքային գործիքներից սկսած մինչև մեծածավալ դարպասներ, ջահեր, բազրիքներ, պատուհանների ճաղավանդակներ, կենցաղային ու դեկորատիվ-կիրառական այլ առարկաներ:
Այցելե՜ք, «Եռանկյունի դարբնոց» համալիր և վայելեք Գյումրվա խոհարարների արդար ձեռքերով պատրասված ուտեստների համն ու հոտը․․․