Գևորգ Էմին
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ
Իրինդցի Ափո Գալուստի հիշատակին...
Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին,
Ուր ծիրանն է հասնում ճյուղին,
Ուր կտրին չիրն է քաղցրանում,
Ուր հոտը սարն է բարձրանում.
Ուր, փեշի տակ Արագածի,
Տան կտրին նստած հացի,
Ձա՜յն են տալիս իրար հերթով
Եվ գյուղամեջ գալիս խմբով,
Աղջիկները՝ կարմիր հագած,
Տղաները՝ փուշի կապած.
Երբ զուռնան իր ձայնը զլում՝
Դափի բերնից խոսքը խլում,
Աշնակ գյուղից հյուր է կանչում
Շղարշիկին ու Աղաքչուն,
Կաթնաղբյուրին, Դավթաշենին,
Իրինդին ու Սասնաշենին,
Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք,
Եկեք Սասնա պա՜րը պարենք:
... Թող Սասունն իր պարը պարի,
Իսկ դու դեռ մի՛ ծափահարի.
Այլ հասկացի՛ր, թե այս պարով՝
Մերթ Անդոկից գրոհ տալով,
Մերթ գաղթելով սար ու քարով,
Մեկ խնդալով ու տաս լալով,
Սասունը քեզ ի՛նչ է ասում...
Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո,
Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն...
Սասնա սարեր՝ մեջ ամպերուն,
Սասնա ջրեր՝ մեջ վիհերուն,
Ամեն սարին՝ մի վանք ու բերդ,
Ամեն ջրին՝ ջաղացի հերթ,
Ամեն քարից ջո՛ւր էր գալիս,
Աչքն ո՜ւր թեքվեր՝ դո՜ւր էր գալիս.
Երկնուց իջնում էր մանանա՛...
Ի՜նչ մանանա`
________լավ մահանա՜, -
Որ Սասունցի հարս ու աղջիկ,
Դաշտ իջնեին խունջի՜կ-մունջի՜կ,
Գազպայի տեղ՝ նա՜զ քաղեին,
Հոտաղ տղի սիրտ դաղեին.
Որ հայրական հին տան կողքին,
Անտառի մեջ, ժայռի գոգին,
Մի նոր քողտի՛կ ավելանար,
Մի խորոտիկ հա՛րս մայրանար,
Նոր օրորո՛ց գնար ու գար.
Բարին լինե՛ր, չարը՝ չգա՜ր...
Հեյ վա՜խ, Սասնա բանձրի՜կ սարեր,
Հեյ վա՜խ, Սասնա քաղցրի՜կ ձորեր.
Զուռնան էսօր թե նվագեր՝
Եկող ամռան կարձագանքեր
Սասնա ամեն թուփ ու քարից.
Ու թե դհոլն էսօր թնդար,
Մինչև աշուն, առանց դադար,
Ամեն գիշեր ու ամեն օր
Ժեռ-ժեռ քարեր Անդոկ սարից
Ցա՜ծ կիջնեին գլոր-գլոր...
Բարին լինե՛ր, չարը չգա՜ր...
Բայց թե լինես միայն մի բուռ,
Դու սի՛րտ լինես՝ չորս կողմը՝ քա՜ր,
Չարը՝ հզոր, իսկ դու՝ տկար,
Աղո՛թք անես թե խաչհամբո՛ւյր,
Չարի ձեռքից պրծում չկա՜...
Եվ դեռ «գաթեք թոնիրն ի կախ»,
Եվ, դեռ հարբա՜ծ՝ փեսա, աներ,
Մինչև մերիկն ասեր «հեյ վա՜խ»,
Փեսան գոմից բերդա՛ն հաներ,
Զուռնեն չոլում ընկած մնա՜ց,
Դափը՝ գլոր-գլոր գնա՜ց,
Ինչհայո՛ց էր, դարձավ վայո՜ց,
Գիրկն ու ծոցը` գերեզմանոց,
Իսկ ով ողջ էր՝ սարերն ընկած,
Գերանդու տեղ բերդա՛ն գրկած,
Մեկ ապրելով, տաս մեռնելով,
Մեկ զարկելով, տաս զարկվելով,
Թողի՜ն Սասնա զմրուխտ սարեր,
Դավթի ջաղացն ու իր քարեր,
Եկա՜ն ռուսի հո՛ղը հասան,
Բայց, էստե՛ղ էլ կռիվ տեսան, -
Տեսան ավե՜ր ու կոտորա՜ծ,
Եվ ի՜նչ մնաց... մի Սասնաշեն,
Մի Բազմաբերդ ու Դավթաշեն,
Մի Կաթնաղբյուր ու Աղաքչի,
Մի բուռ Իրինդ ու Շղարշիկ
Եվ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ...
Հեյ վա՜խ, Մշո սրսո՛ւռ հողեր, -
Դե՛, քա՛ր մաղի, որ հո՜ղ դառնա.
Հեյ վա՜խ, Սասնա զուլա՛լ ջրեր,
Դե՛, ձյո՛ւն հալի, որ ջո՜ւր դառնա.
Հե՜յ Աշնակա չոլ ու ղռեր՝
Աշնակն ինչպե՞ս Սասուն դառնա...
Եկա՜ն, դրին քարը քարին՝
Դուշմանն եկավ խառնեց իրար.
Ողջ ու մեռել ջոկ-ջոկ արին՝
Դուշմանն եկավ խառնեց իրար.
Մինչև արյունը թանձրացավ,
Կարմիր գույնի դրոշ դարձավ,
Մինչև մանգաղն ելավ հողից,
Մուրճը պոկվեց սալի կողից,
Ու երկուսն էլ, եղբոր նման,
Այդ դրոշի վրա ելան
Ու նոր արև ծագեց հողին,
Հող վարողի՛ն, հող սիրողի՛ն:
Մինչև նորից օջա՛խ դրին՝
Ծուխը սողա՜ց.
Մինչև նորից տաք թոնիրին
Բոցը շողա՜ց.
Մինչև նորից, խունջի՜կ-մունջի՜կ,
Դաշտ գնացին հարս ու աղջիկ,
Որ աղցան ու սիբեխ քաղեն,
Հոտաղ տղի սիրտը դաղեն,
Հոր արտի մոտ նոր արտ վարեն,
Արթիկ տուֆից նոր պատ շարեն,
Մի նորելուկ հա՛րս մայրանա,
Մի նոր թոնրի ծո՛ւխ բարձրանա,
Նոր օրորո՛ց գնա ու գա,
Բարին՝ տևի՛, չարը չգա՜...
...Եվ երբ տեսան, էլ չարորդին մոտ չի՜ գալիս,
Եվ երբ տեսան՝ էլ վառոդի հոտ չի՜ գալիս,
Եվ երբ տեսան՝
Էլ չի՜ թափվում հողին արյուն,
Եվ երբ տեսան՝
Եկավ աշուն, եկավ գարուն,
Առանց ահի՛, կոտորածի՛,
Բա՜ց արեցին սուփրեն հացի,
Զուռնեն խոսե՜ց բերանացի
Եվ Արագած լեռան գոգին
Զարթնե՜ց կրկին Սասնա ոգին...
Եվ Սասունը նորի՜ց պարեց,
Ոտքը զարկեց, ձեռքով արեց,
Եվ նույն զուռնա՛ն, որ հնչում էր հին տան բակում,
Հնչեց հիմա ամե՜ն գյուղում ու քաղաքում.
Իսկ դհո՛լը, որ քարե՛ր էր պոկում սարից՝
Ծափե՜ր պոկեց ամեն ազգից ու աշխարհից...
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ երբ նազո՜ւմ են աղջիկներն ու կռանում՝
Սասնա ձորից ջո՜ւր են բերում, ա՛րտ քաղհանում.
Երբ ոտքի տակ տղաների հո՛ղն է թնդում՝
Հոտաղները Սասնա սարում գա՜յլ են խեղդում.
Երբ խռնվում՝ ասես ամպրո՜պ պայթի սարում՝
Այդ ոսո՛խն է նրանց գյուղերը պաշարում.
Երբ միանում՝ բե՛րդ են դառնում շինված քարից՝
Այդ ոսոխին ե՜տ են քշում Անդոկ սարից.
Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, ծա՛փ են տալիս՝
Մահվան վիհից դեպի կյանքի ա՜փ են գալիս...
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն,
Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտությո՛ւն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի...
Հասկացա՛ն ու ասին ի լուր ողջ աշխարհի,
-Հալա՜լ է քեզ,
Սասո՛ւն, պարի՜...
Պարի՜,
Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի՜,
Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում,
Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.
Պարի՜,
Մինչև ո՜ղջ հայերին դու ամբարե՛ս,
Եվ այս պարը
Մասիս լեռան լանջի՜ն պարես...
1957