Համտեսելով սեր ու անեծք
Մենք մեզ գիտենք, մա՛րդ բախտակից,
Դեռ մեր մանուկ, վաղ հասակից,
Քանի՞ փուլով մենք զարգացանք,
Քանի՞ մաղով հերթով անցանք։
Ի՜նչ փորձանքներ կյանքը բերեց,
Տարիներից մաշեց, քերեց,
Ոմանց փողեր, փառք նվիրեց,
Ոմանց՝ զուտ սեր... այդպես սիրեց...
Մեր երկիրը կերպափոխվեց,
Կռիվ տվեց, մարտում կոփվեց,
Մենք էլ հայոց դրոշը հանց՝
Մեկ ծածանվող, մեկ խոնարհված,
Եկանք, հասանք այս օրերին՝
Մեզ ժառանգած ցավերով հին։
Ու մեր հայոց օրհներգի պես,
Հպարտադեմք, բայց լացակեզ,
Դեռ հնչում է բարբառը մեր
Ու պի՛տ հնչի, այո՛, ընկե՛ր...
Սա գրում եմ ո՛չ մեզ համար.
Կանցնեն օրեր դեռ անհամար,
Գուցե դարեր, ի՞նչ իմանամ:
Այս տողերից թող իմանան
Ոնց են ապրել պապերն իրենց՝
Համտեսելով սեր ու անեծք...
ՀայՔ