Գնամ պապիս գերեզմանին
Ու անծաղիկ գնամ,
Կանգնեմ, երկա՜ր կանգնեմ կողքին,
Թիկունքով`Արարատ։
Լռե՜մ, երկա՜ր լռեմ
Ու անարցունք մնամ,
Արցունքը կանգնի բկիս,
Ո՛չ դուրս գա, ո՛չ մնա։
Ցավը խեղդեմ իմ մեջ,
Նայեմ շիրմաքարին,
Պապիս լազուր աչքերի մեջ
Ամոթանք`ուղղված հային։
Ես ի՞նչ ասեմ քեզ պապի,
Ասե՞մ,որ էլ չկամ,
Ասե՞մ, որ կորցրած ձեր Էրգրին
Եվս մեկ Ղարաբա՞ղ։
Չէ՛,էլ ուժ չունեմ պապի՜,
Լռում եմ, չեմ խոսում,
Աչքերս հառել եմ հեռուն,
Թևաթափ եմ, անտե՜ր, անտո՜ւն։
Քեզ խոսք էի տվել պահել
Ունեցած֊չունեցած մի բուռ,
Ու բռիցս այսօր փախավ
Ազգադավ ու նենգ ոսոխ։
Ոսոխը մեր մեջ էր պապի,
Զինվորս կապ չունի,
Թե ոսոխը տնից չլինի`
Թուրքն ո՞վ էր`մեզ հաղթի։
Նելլի Հակոբյան