– Ամենածանր բանն ինչն է, գիտե՞ս,- հարցրեց Զավենը:
– Ինչպե՞ս ամենածանր բանը:
– Էնպես:
– Դե, արճիճը:
– Այդ արճճից ծանրը լավության ծանրությունն է. ես քո տանը ոչխարի երկու պատառ միս կերա՝ երկու բաժակ գինիով, և քայլում եմ ու մտածում, որ քո տանը երկու պատառ միս կերա՝ երկու բաժակ գինիով, ոչխար եմ տեսնում՝ հիշում եմ, միս եմ տեսնում՝ հիշում եմ, հովիվ եմ տեսնում՝ հիշում եմ, խաղող եմ տեսնում՝ հիշում եմ: Անընդհա՛տ հիշում եմ: Ծա՜նր է երախտագիտության զգացումը: Քանի՜ անգամ ես լսել՝ «էդ էլ իմ լավությունը»: Քանի՜ անգամ ես ինքդ ասել: Այդպես է, միասին են՝ երախտագիտություն-երախտամոռություն: Արճիճը սրանց մոտ թեթև է, և ուրեմն ես գերադասում եմ խանութի երշիկը իմ կոպեկներով:
Հրանտ Մաթևոսյան «Մենք ենք, Մեր սարերը»