ԴԱՍԱՐԱՆՑԻ
Վաղուց հեռացած, սակայն շատ մոտիկ,
Հոգեհարազատ մի բառ է գողտրիկ,
Ինչքան կարոտներ ու ինչքա՜ն հույզեր,
Որքա՜ն ապրումներ ու որքա՜ն հուշեր...
Այս մի բառի մեջ կա ամբողջ մի կյանք,
Ու մեզ հետ է այն, քանի դեռ մենք կանք,
Թեկուզ մեզ հասնի խորը ծերություն,
Մեր մեջ կմնա միշտ մի ցանկություն.
Ետ բերել մի պահ մեր տարիները
Ու նորից զգալ այն ապրումները,
Որոնց հիշելը ժպիտ է բերում
Ժպիտի կարոտ մեր թաց աչքերում:
Որտե՞ղ եք հիմա, ի՛մ դասարանցիք,
Ի՛մ լավ ընկերներ, տղա ու աղջիկ...
Ա՜խ, գիտեմ, գիտե՜մ, պետք չէ հիշեցնել,
Հայի բախտին եք դուք արժանացել.
Ցրվել եք տարբեր երկրներով մեկ,
Հավքեր եք դարձել, ետ չեք գա երբեք,
Գոնե լավ եղեք, որտեղ որ լինեք,
Հայի անունը միշտ բարձր պահեք:
ՀայՔ