Մի երիտասարդ գալիս է իմաստունի մոտ և սկսում բողոքել.
-Ծնողներս անդադար դժգոհում են, փնթփնթում, չեն թողնում հանգիստ ապրեմ: Կարծես ծերությունից նրանց միտքը մթագնել է: Չեմ կարող այլևս հանդուրժել այս ամենը: Ի՞նչ եք կարծում, չարժե՞ որևէ խնամակալության կենտրոն կամ ծերանոց տեղափոխել նրանց:
- Հասկանում եմ, դժվար է,- գլուխը տարուբերելով պատասխանում է իմաստունը,- սակայն, մի պահ մտածի´ր. երբ դու դեռ օրօրոցում էիր, չէ՞ որ դու էլ գիշերուզօր ճչում էիր, լաց լինում, «չէիր թողնում նրանց հանգիստ ապրել» և առանձնապես մեծ խելքով աչքի չէիր ընկնում: Իսկ հայրդ ու մայրդ քեզ իրենց գիրկն էին առնում, մեղմորեն շոյում ու համբուրում: Նրանք ավելի շուտ սեփական կյանքից կհրաժարվեին, քան քեզ մեկ ուրիշին կտային: